1998 թ. -ին հիմնադրված Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԲԳԿ) դարձել է տարածաշրջանի առաջատար բազմապրոֆիլ ամբուլատոր կենտրոններից մեկը, որն ապահովում է առավել համապարփակ ծառայություններ պտղի, նորածնի, երեխաների, դեռահասների և մեծահասակների գենետիկական խանգարումների և բնածին արատների ախտորոշման, կանխարգելման և կառավարման գործում: Կենտրոնի առաքելությունն է գենետիկան բերել բժշկության պրակտիկային և ապահովել հիվանդների բարձրակարգ խնամք` լինելով առաջատար կլինիկական, հետազոտական և կրթության ոլորտներում:
Մեր կենտրոնն ունի բարձրակարգ բժիշկներ, գենետիկներ և խորհրդատուներ, որոնք ապահովում են բոլոր հիվանդների ընդունելությունը և սպասարկումը: ԲԳԿ-ի պրոֆեսիոնալ անձնակազմն ունի երկարամյա փորձ բժշկական գենետիկայի և կլինիկական պրակտիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցություն տարբեր հայրենական և արտասահմանյան գենետիկական հաստատությունների և հիվանդանոցների հետ: ԲԳԿ-ն առաջարկում է ոչ միայն գենետիկական լաբորատոր այլ նաև բոլոր տեսակների լաբորատոր ծառայություններ։
Բժշկական գենետիկայի ամբիոնի կայացման հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը ընդհանուր գենետիկայի, մարդու և բժշկական գենետիկայի, իմունոգենետիկայի և պոպուլյացիոն գենետիկայի ուղղություններով: ԵՊԲՀ-ում բժշկական գենետիկա առարկայի ուսուցման պատմությունը սկսվել է 1999թ.-ից, երբ այն որպես ուսումնական կուրս ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրերում: Ամբիոնի կայացման գործընթացում անվերապահորեն մեծ ավանդ ունի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆ. Թ.Ֆ. Սարգսյանը:
Թ.Ֆ. Սարգսյանը ունի նաև մեծ դեր Հայաստանում բժշկական գենետիկայի զարգացման գործում, և հանդիսանում է տարածաշրջանի միակ բժշկական գենետիկական կենտրոնի տնօրենը և ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկը։ Որպես Եվրոպայի խորհրդի Առողջապահության կոմիտեի (CDSP) SP-GEN փորձագետ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը 2004-2008թթ.-ին հանդիսացել է Եվրոպայի առողջապահության համակարգում բժշկական գենետիկական ծառայությունների հանձնարարականների ստեղծման անդամներից մեկը:
Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է միջինը 10 գիտական աշխատանք, որոնք հրապարալվում են աշխարհի առաջատար, ազդեցության բարձր գործակից ունեցող գիտական ամսագրերում։
Գիտական հոդվածներ Գիտական ծրագրեր